Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սան-Խոակին հարթավայրի հայկական համայնքը նոյեմբերի 2-ին կանցկացնի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի հիմնադրման արարողությունը: «Asbarez»-ը գրում է, որ միջոցառումները կանցկացվեն Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի համալսարանի տարածքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը կկառուցվի Ֆրեզնոյի համալսարանի տարածքում: Ճարտարապետ Փոլ Խալաջյանի նախագծած շինությունը կխորհրդանշի հայ ժողովրդի համար կարեւոր մշակութային արժեքներ: Հուշարձանը կկառուցեն բետոնից եւ տուֆից, բաղկացած կլինի 9 սյունից, որոնք կնմանվեն Հայաստանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին: Սյուների բարձրությունը շրջանաձեւ կնվազի՝ 1-ինը 19 ֆուտ բարձրությամբ, վերջինը՝ 15 ֆուտ: Սյուների վերեւում կիսատ լուսապսակ կլինի, որը կխորհրդանշի հայ ժողովրդի միասնությունը: