Գյումրիում նորածին թոռնիկին վաճառելու դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ երեխայի տատիկը նորածնին վաճառել է հարեւանի ծանոթուհուն: Տղամարդը եկել է հիվանդանոց, երեխայի հայրությունը ճանաչել, իր ազգանունը տվել եւ տարել:

Ամենայն հավանականությամբ, երեխան ծնվել է արտամուսնական կապից: Իսկ այդ գործարքը կատարած տատն աշխատում է պետական գերատեսչություններից  մեկում՝ որպես հավաքարար:

Նշենք, որ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Գյումրիի բնակչուհիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նորածին թոռնիկին գումարի դիմաց հենց ծննդատանը տվել են համաքաղաքացիներից մեկին. վերջինս երեխային տարել է, սակայն խոստացված գումարը` 1000 դոլարը, դեռ չի տվել: Բնակչուհու աղջիկը ծննդաբերել է դեռեւս սեպտեմբերին` տղա երեխա, սակայն մինչ այդ, երբ  նա հղիության 8-րդ ամսում էր, մայրը համաձայնության է եկել ծննդաբերությունից հետո դստեր երեխային վաճառելու հարցի շուրջ` 1000 դոլարի դիմաց: Աղջիկը ծննդաբերել է, գնորդը ծննդատանը ճանաչել է երեխայի հայրությունը` տալով իր ազգանունը ու տարել երեխային, սակայն գումարը չի տվել: