Մալայզիական «Boeing-777»-ը Հնդկական օվկիանոսը չի ընկել, գերմանական «Der Spiegel» ամսագրի հետ զրույցում հայտնել  «Emirates» ավիաընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քլարքը, հայտնում է «The Independent»-ը:

Ըստ նրա` անհետացած օդանավը ավտոմատ թռիչքի ռեժիմում չի եղել այդ պահին, մինչեւ վերջ «վերահսկողության տակ է եղել»:

«Մեր բազմամյա փորձը ցույց է տալիս, որ ջրի մեջ օդանավի ընկնելու դեպքում միշտ որոշակի հետքեր են մնում: Սակայն այսքան ժամանակ չի հաջողվել օդանավի ընկնելու որեւէ նշան գտնել, թեկուզ` նստատեղի բարձիկ», - նշել է նա՝ հավելելով, որ այս ամենը շատ կասկածելի է:

Հիշեցնենք Կուալա Լումպուրից Պեկին ուղեւորված «Malaysia Airlines» ավիաընկերության 239 ուղեւորներով օդանավը մարտի 8-ի գիշերն անհետացել էր ռադարների էկրաններից:  Ըստ ամենատարածված վարկածի`  ինչ-որ պահի «Boeing-777»-ը ավտոմատ թռիչքի ռեժիմի է անցել, եւ երբ վառելիքը վերջացել է, ընկել է Հնդկական օվկիանոսը: