Մեքսիկայում ուղիղ եթերի ժամանակ սպանել են ռադիոհաղորդավար, քաղաքացիական ակտիվիստ Ռոման Տիրադոյին, գրում է Lenta.ru-ն:
Երկու հանցագործները, հստակեցնում է աղբյուրը, ներխուժել են Fiesta Mexicana ռադիոկայան եւ հարցրել՝ ինչպես կարող են տեսնել Տիրադոյին: «Ադմինիստրատորը հորդորել է սպասել, մինչեւ Տիրադոն ազատ լինի, սակայն անծանոթները հրել են դուռը եւ ներս մտել»,- պատմել է ռադիոկայանի տնօրենը:
Հետո նրանցից մեկը մնացել է դրսում, երկրորդը մտել է ստուդիա եւ երկու անգամ կրակել հաղորդավարին՝ հենց ուղիղ եթերի ժամանակ: Գնդակները դիպել են սրտին եւ գլխին: Տիրադոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ սա Մեքսիկայի պատմության մեջ առաջին սպանությունն է ուղիղ եթերում:





























