2010թ.-ին Քալիֆորնիայում բնակվող բրիտանացի Դարեն Չիքի տանից թռչել էր Նայջել մականվամբ աֆրիկյան թութակը: Կարող եք պատկերացնել տղամարդու զարմանքը, երբ կենդանին վերադարձել էր չորս տարի անց՝ միանգամայն մոռանալով բրիտանական ակցենտը: Չիքի թութակը խոսում էր իսպաներեն, հաղորդում է «Independent»-ը:
Բացի այդ, թռչունը մշտապես կանչում էր ինչ-որ Լարիի: Թե ով է նա, թութակի տիրոջը չի հաջողվել պարզել: Բրիտանացու խոսքով՝ նա պատկերացում չունի, թե որտեղ է այս ողջ ընթացքում կենդանին գտնվել: «Սա անհավանական դեպք է, սակայն անմիջապես ճանաչեցի իմ թռչունին, երբ միայն տեսա նրան»,- հայտարարել է Դարեն Չիքը: Իրականում, բրիտանացու եւ թութակի հանդիպումը կայացել է շնորհիվ նրա, որ թռչունի մարմնում հատուկ միկրոչիպ է տեղադրված, այն էլ օգնել է քալիֆորնիական անասնաբուժական հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին գտնել Նայջելի տիրոջը, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Ինչպես պատմել է բժիշկ Թերեզա Միքոն, մի քանի օր առաջ իր սենյակի դռան շեմին է հայտնվել բավական տանջված ու նիհար տեսք ունեցող թութակ, որին հայտնաբերել են Դարեին Չիքին անծանոթ քալիֆորնիացիներ: Այս պահին բրիտանացին փորձում է թռչունին դարձյալ անգլերեն սովորեցնել:




























