Հոկտեմբերի 10-ի առավոտյան ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի առեղծվածային արձանը հայտնվել է Նյու Յորքի կենտրոնում՝ Յունիոն սքվերի հրապարակից ոչ հեռու, հայտնում է «Business Insider»-ը:

Արձանը դրվել է անմիջապես նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշարձանի դիմաց: Ավելի ուշ պարզվել է, որ արվեստի երեքմետրանոց գլուխգործոցը ամերիկացի երիտասարդ քանդակագործ Ջիմ Դեսիչինոյի աշխատանքն է: Ըստ նրա՝  ինքն արձանի վրա սկսել է աշխատել 2013 թ. սեպտեմբերից՝ Դելավերի համալսարանում ուսանելիս: 

«Այն, ինչ արեց Էդվարդ Սնոուդենը, հնարավոր է, իմ սերնդի ամենանշանակալից արարքն է», -  ասել է Դեսիչինոն «Business Insider»-ի հարցազրույցում: Լրագրողի հարցին՝ ինքը Սնոուդենին հայրենասեր, թե դավաճան է համարում, քանդակագործը պատասխանել է, որ հարցն անտեղի է, քանի որ  նրա արարքն  «ավելին է նշանակում, քան ինքը»:

Դեսիչինոյի քանդակը մշտական  տեղ չունի, քանի որ այն տեղադրելու համապատասխան թույլտվություն չկա: Այդպիսով, քանդակը ստիպված «ճամփորդում է» ողջ քաղաքում: Ավելին, այն Twitter-ում արդեն էջ ունի, որտեղ քանդակի եղած վայրերից  լուսանկարներ  են տեղադրվում: