Սալոնիկի Ինովացիոն գոտին ուրախ կլինի հրավիրել Հայաստանի ինովացիոն ընկերություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ինովացիոն գոտու տնօրեն Դիմիտրիոս Լակասասը: «Իհարկե, մենք բաց ենք Հունաստանից դուրս գործող, այդ թվում՝ հայկական ընկերությունների հետ համագործակցության համար: Բոլորս գիտենք մեր ժողովուրդների բարեկամական կապերի, դեռեւս անտիկ եւ բյուզանդական դարաշրջանում մեր հարաբերությունների մասին: Կարծում եմ՝ բարեկամական հարաբերությունները կարող են լավ հիմք դառնալ համատեղ ծրագրերի համար»,- հավելեց Լակասասը:
Նրա խոսքով՝ տպավորված են հայկական տեխնոլոգիական ընկերությունների հագեցվածությամբ եւ վարպետությամբ: «Մեզ մոտ նրանք կարող են հանդիպել իրենց մակարդակի գործընկերների հետ եւ նրանց հետ գաղափարներ փոխանակել, որը շատ կարեւոր է տեխնոլոգիական բիզնեսի համար եւ կարող է համատեղ նախագծերի վերածվել»,- նշեց Լակասասը:
Olympia Electronics-ը ղեկավարող Դիմիտրիոս Լակասասը Երեւանում ներկայացրեց ընկերության արտադրանքը. հրդեհի, գազի արտահոսքի եւ ներխուժման դեմ ազդանշաններ: «Մենք մի շարք հանդիպումներ ենք անցկացրել, որոնք շատ հետաքրքիր էին ապագայի համար»,- հավելեց նա:




























