«Ռեմբրանդտ» հետազոտական նախագծի 6-րդ եզրափակիչ հատորում հոլանդացի արվեստի պատմաբան Էրնստ վան դե Վետերինգը եզրահանգել է, որ Ռեմբրանդտի վրձնին են պատկանում եւս 70 նկարներ, որոնք մինչ այդ վերագրվում էին այլ վարպետների, գրում է «The Wall Street Journal»-ը:
Դրանցից 4-ը գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, այդ թվում եւ «Տղամարդու դիմանկարը», որը հայտնի է նաեւ «Աուկցիոնիստ» անվամբ, եւ «Պատանի Ռեմբրանդտի դիմանկարը»:
Արվեստի աշխարհում տվյալ բացահայտման վերաբերյալ միասնական կարծիք դեռ չկա:
Մասնավորապես Մետրոպոլիտենի թանգարանի եվրոպական գեղանկարչության բաժնի ղեկավար Վալտեր Լիդտկեն նշում է, որ չի համարում, թե թանգարանի վերաբերմունքն «Աուկցիոնիստը» նկարի հանդեպ կփոխվի: «Համաշխարհային գիտական կարծիքը,- նշում է Լիդտկեն,- կայանում է նրանում, որ այդ աշխատանքը պատկանում է Ռեմբրանդտի վրձնին: Այս կարծիքն արդեն 30 տարի գոյություն ունի»: Ինչ վերաբերում է «Պատանի Ռեմբրանդտի դիմանկարին», ապա թանգարանի մասնագետներն այն համարում են «Ռեմբրանդտի ոճի նկար», այն ժամանակ, երբ վան դե Վետերինգը վստահ է, որ դա իրական ինքնանկար է:
«Ռեմբրանդտ» հետազոտական նախագիծը մեկնարկել է 1968թ.-ին ամստերդամցի գիտնականների խմբի կողմից Ռեմբրանդտի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրման համար՝ դրա իսկությունն ու մեծ նկարչի վրձնին փաստացի պատկանելությունը ստուգելու համար: Շատ ստեղծագործություններ, որոնք վերագրվում էին Ռեմբրանդտին, նկարել էին նրա աշակերտները եւ հարյուրավոր տարիներ շարունակ վաճառվում էին նրա անվան ներքո:
1992թ.-ին Էրնստ վան դե Վետերինգը, ով համարվում էր Ռեմբրանդտի ստեղծագործությունների առաջատար փորձագետ, գլխավորեց նախագիծը:
Ինչպես նշում է պարբերականը, 1920թ.-ին Ռեմբրանդտի աշխատանքների ցուցակում կար 714 նկար, 1980թ.-ին՝ 300: Ավելի ուշ Վան դե Վետերինգը թիվը հասցրեց 340-ի:




























