Բրյուսելում, հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ, Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Ռոլանդաս Պակսասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ինչպես նաեւ 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը` կարեւորելով ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ-ի պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Ռոլանդաս Պակսասին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: