Փրկարարական խմբերը Նեպալի Հիմալայներում ձնակույտի տակ մնացած 77 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի երկու քաղաքացու են փրկել: Այս մասին տեղեկացնում է Նեպալի Արշավային գործակալությունների ասոցիացիան:
Փրկվածների թվում են Իսրայելի, Նեպալի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Կանադայի քաղաքացիներ: Փրկարարական ջոկատների տվյալներով, զբոսաշրջիկներին գտել են Նեպալի Մանանգ շրջանի տարբեր հատվածներում:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ճշտված տվյալներով, ձնահոսքի հետեւանքով տեղի 22 բնակիչ եւ 12 օտարերկրյա քաղաքացի է զոհվել, իսկ ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 168 հոգու: Բոլոր զոհվածները զբաղվել են լեռնագնացությամբ:
Ողբերգության պատճառ են դարձել «Հունհուդ» ցիկլոնի արդյունքում առաջացած եղանակային վատ պայմանները, որն ավելի վաղ հարվածել էր Հնդկաստանի արեւելյան ափերին:




























