Քայլվածքի փոփոխությունը կարող է փոխել տրամադրությունը եւ մարդուն ավելի երջանիկ դարձնել: Նման եզրակացության են հանգել Հեռանկարային հետազոտությունների կանադական ինստիտուտի գիտնականները:
Վաղուց հայտնի է, որ մարդու տրամադրությունն ազդում է արտաքին տեսքի ու կեցվածքի վրա. տխուր մարդիկ իջեցնում են ուսերը, երջանիկները դրանք ավելի են բարձրացնում:
Այժմ հետազոտողներն ապացուցել են, որ գոյություն ունի հակառակ կապ. զբոսանքի ընթացքում ընդունած դիրքն ազդում է մարդու տրամադրության վրա: Մարդիկ, ովքեր հետազոտողների խնդրանքով շարժվել են «ճնշված տեսքով», ավելի վատ տրամադրություն են ունեցել քան նրանք, ովքեր զբոսնել են լայն քայլերով ու բարձր ուսերով:
Ըստ Mail Online-ի, հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Նիկոլաուս Տրոյեն Հեռանկարային հետազոտությունների կանադական ինստիտուտից նախորդ հետազոտություններում ցույց է տվել, որ դեպրեսիվ մարդիկ այլ կերպ են քայլում, քան երջանիկները:
Ստուգելու համար նա եւ իր գործընկերները մասնակիցներին դրական ու բացասական բառերի ցանկ են տրամադրել, ինչպես, օրինակ, «բավական է», «վախենում եմ» եւ «անհանգստություն»: Այնուհետեւ խնդրել են կամավորներին քայլել վազքուղիով եւ չափել են նրանց շարժումներն ու կեցվածքը:
Շարժման ընթացքում մասնակիցները հետեւել են տվյալների էկրանին, որը փոփոխվել է՝ կախված քայլվածքի փոփոխությունից: Ոմանց խնդրել են տեղափոխել այն աջ, ոմանց՝ ձախ:
Այնուհետեւ մասնակիցները պետք է հնարավորինս շատ բառեր գրեին ցուցակից, որոնք կհիշեին: Արդյունքում նրանք, ովքեր ճնշված քայլվածքով են եղել, ավելի շատ բացասական բառեր են հիշել:




























