Մանհեթենում ավարտվել են Փարք Ավենյու 432 հասցեում գտնվող բնակելի շենքի հիմնական շինարարական աշխատանքները: Այն դարձել է Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերը. շենքի բարձրությունը 426.1 մետր է: Ավելին, այն կարող է համարվել աշխարհի ամենաբարձր բնակելի շինությունը, եթե այդպիսիք չհամարենք հյուրանոցները, ինչպես նաեւ հաշվի չառնենք այդ կոչմանը հավակնող եւս երկու շինություն, որոնց շինարարությունը դեռեւս չի ավարտվել. դրանք են Դուբայի «Պենտոմինիումը» (516 մետր), որի շինարարությունը ներկայում կանգնեցված է, եւ Մումբայի World One-ը (442 մետր), որը դեռեւս կառուցվում է:
Նյու Յորքի շենքը 96 հարկանի է: Ճարտարապետները ստիպված են եղել դաշնային ավիացիայի վարչակազմի մոտ շինարարության թույլտվություն ստանալ: Շենքի հիմքը դրվել է 2011 թվականի սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ, երկնաքերը 1.3 մլրդ դոլար է արժեցել:
Շենքում երկու պենտհաուս կա. մեկը 96-րդ հարկում, որն արդեն վաճառվել է 95 մլն դոլարով, իսկ երկրորդը՝ 95-րդ հարկով՝ 85 մլն դոլար արժողությամբ: Շենքում 104 բնակարան կա, որոնցից ամենից էժանը 7 մլն դոլար արժե:
Բնակիչները կկարողանան օգտվել զբոսայգիներին, մանկական խաղահրապարակներից, ռեստորանից, գրադարանից, լողավազանով ֆիթնես-կենտրոնից եւ գոլֆի հրապարակից:
Բնակարանների ներքին հարդարումը կատարել է դիզայներ Դեբորա Բերքը: Նրա խոսքով՝ փորձել է ներսից ընդգծել, թե որքան է շենքը բարձրացել քաղաքի վրա, այդ պատճառով բնակարաններում ամեն ինչ դասավորված է այնպես, որպեսզի այնտեղ ապրողները կարողանան անընդհատ վայելել քաղաքի տեսարանները: Օրինակ՝ խոհանոցի պատուհանի առջեւ մարմարե սեղան կա, որի մոտ կարելի է նախաճաշել՝ վայելելով Մանհեթենի տեսարանը:




























