Հայոց ցեղասպանության հարցը իրավական խնդիր է. կան բազմաթիվ միջազգային ատյաններ, որոնցում անհրաժեշտ է բարձրացնել մեր իրավական պահանջները, հոկտեմբերի 20-ին  «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության  համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 

Ըստ նրա` այն տպավորությունն է, թե  վերջին 100 տարում մենք` որպես ազգ, միշտ միակողմանի շեշտադրում ենք արել: «Մենք միշտ խոսել ենք մեր իրավունքները ոտնահարելու մասին, սակայն չենք ձեռնարկել միասնական քայլեր մեր պահանջների  կատարման ուղղությամբ: Մենք պետություն ունենք ` Հայաստանի Հանրապետություն, եւ ամբողջ աշխարհի հայերին առաջին պատգամն այն է, որ Հայաստանը համայն հայոց  պետությունն է եւ մեր բոլոր ցանկությունների իրականացման ասպարեզը: Առաջին հերթին մենք պետք է մտածենք այս պետության  ուժեղացման, իսկ հետո` այն մեր իրավունքները վերականգնելու համար օգտագործելու մասին»: