Շանթ Հարությունյանը պարզապես ցանկանում էր վերադարձնել իր քաղաքացիական ու մարդկային իրավունքները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդարանի նիստին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Եթե մենք այսօր տեսնում ենք, որ մարդասպանը ազատորեն քայլում է փողոցներով եւ ստանում մարզպետի պաշտոն, իսկ նրա հարազատները ընդգրկվում պետական ապարատում եւ այն թունավորում իրենց կաշառակերությամբ, ոչինչ չենք խոսում: Չէ՞ որ Շանթ Հարությունյանը հենց այնպես դուրս չէր եկել փողոց: Նա տեսել էր, որ իր իրավունքները խլել են իրենից եւ նա միակը չէ, ով այդպես է զգում: Ժողովուրդը մաշկի վրա է զգում՝ ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ», - հայտարարեց Հակոբյանը:
Նա հավելեց, որ իշխանությունը չպետք է ինքնասիրահարված լինի եւ հավաստիացնի համընդանուր բարօրության մասին, երբ հանրապետության բնակչության 42%-ը աղքատ է իսկ 16-17%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում: «Պետք է զսպել ախորժակն ու հասկանալ, որ մենք այդ ճգնաժամից կարող ենք դուրս գալ միայն համատեղ ուժերով», - հավելեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ 2014թ. հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա, իսկ նրա մնացյալ համախոհները՝ 1-7 տարվա ազատազրկման:




























