Ֆրանսիական նավթային «Total» ընկերության ավիավթարում զոհված ղեկավարին կփոխարինի Պատրիկ Պույանեն, ով պատասխանատու էր վերամշակումների եւ նավթաքիմիայի համար: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ նա կդառնա ընկերության գործադիր տնօրեն: Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը «Total»-ում ժամանակավորապես կզբաղեցնի Տիերի Դեմարեն, ավելի ուշ լիազորությունները կանցնեն Պույանեին:
Այդ կերպ, նշում է աղբյուրը, «Total»-ի ղեկավարությունը ժամանակավորապես որոշել է կիսել երկու պաշտոն՝ գործադիր տնօրենի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները, որոնք նախկինում մեկ անձ էր զբաղեցնում:
Պատրիկ Պույանեն «Total»-ում կարիերան սկսել է 1997թ.-ից: 2002թ.-ից տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել հետախուզման եւ արդյունահանման բնագավառում, 2011թ.-ին վերամշակումների եւ նավթաքիմիայի հարցերով փոխնախագահն էր, իսկ 2012թ.-ից ղեկավարում էր այդ ուղղությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին «Վնուկովոյում» վթարի էր ենթարկվել «Total»-ի տնօրենների խորհրդի 63-ամյա նախագահ Քրիստոֆ դե Մարժերիի թեթեւ շարժիչային ինքնաթիռը: Ընկերության նախագահն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:





























