Դոլարի փոխարժեքը կրկին անցել է 42 ռուբլու սահմանագիծը՝ նոր ռեկորդ սահմանելով՝ 42,01 ռուբլի, գրում է Gazeta.ru
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական արժույթի թուլացման գլխավոր գործոնը օտարերկրյա կապիտալի արտահոսքն է եւ Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ դոլարը 2014թ. հուլիսին ռուբլու նկատմամբ սկսել է թանկանալ: Միայն 2,5 ամսվա ընթացքում ռուսական արժույթը ամերիկյան դոլարի նկատմամբ նվազել է 10 ռուբլով, իսկ 2014թ. սկզբից ռուսական ռուբլին միայն դոլարի նկատմամբ 25%-ով էժանացել էր:
Եվրոյի կուրսը նույնպես հասել է նոր պատմական առավելագույնի՝ 53,1495 ռուբլի:
«Ռուսաստանի համար լրացուցիչ ռիսկ է Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչպես նաեւ այնպիսի քիչ հավանական իրադարձություն, ինչպես S&P գործակալության կողմից ՌԴ-ի վարկային վարկանիշի՝ ընդհուպ մինչեւ «աղբային» նվազեցումը», - աղբյուրը մեջբերում է «ԲԿՍ Էքսպրես»-ի փորձագետ Իվան Կոպեյկինին:




























