Չինաստանի Սիան քաղաքում մեկնարկել է «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որին 26 երկրից շուրջ 80 ֆիլմ է ներկայացված:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայկական կինոմշակույթը ներկայացված է 3 լիամետրաժ կինոնկարներով` Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության», Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ժապավեններով: Կինոփառատոնին մասնակցելու համար Սիան են ժամանել անվանի կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը եւ ճանաչված դերասան Վարդան Մկրտչյանը:

Հոկտեմբերի 24-ին հանրահայտ «Wanda» կինոթատրոնում Հայաստանի եւ Չինաստանի դրոշների, ՀՀ օրհներգի եւ հայկական երաժշտության հնչյունների ներքո տեղի ունեցավ հայկական ֆիլմերի շնորհանդեսը, որին մասնակցում էր Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Չինաստանի լրատվության, տպագրության, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության պետական ադմինիստրացիայի նախագահի տեղակալ Լուան Գուոճին:

Ելույթով հանդես եկավ նաեւ դեսպան Սարգսյանը, ով, ողջունելով «Մետաքսի ճանապարհ» կինոփառատոնի անցկացման նախաձեռնությունը, նշեց, որ այն լավ հնարավորություն է տալիս կինոարվեստի միջոցով չինացի հանդիսատեսին ներկայացնել հայկական մշակույթն ու պատմությունը, կենցաղն ու իրականությունը:

Հայկական ֆիլմերի շնորհանդեսը մեկնարկեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմով, որը ջերմ ընդունելության արժանացավ:

Կինոփառատոնի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Լուան Գուոճիի հետ, ում հետ քննարկեց կինոարվեստի բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները: Դեսպանը նաեւ հարցազրույց տվեց լրատվամիջոցներին՝ ներկայացնելով հայկական կինոարվեստը եւ պատասխանելով տարաբնույթ հարցերի:

Կինոփառատոնի մրցանակաբաշխությունը եւ փակման արարողությունը կայանալու են հոկտեմբերի 25-ին: