ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում իր ողջ ելույթը ԵՏՄ-ի դեմ հանդես եկողներին նվիրելը խոսում է մի քանի բանի մասին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ նախ դա վկայում է, որ ջղաձգվողները միայն ջղաձգվողներ չեն, երկու-երեք տասնյակ չեն, նրանց ուղղակի քանակային կողմի մասին դատողություններ անելու համար փողոցում հավաքվածներին հարցնելը բավարար չէ:

«Եթե խոսքը գնում է մարգինալների մասին, երեւի չարժեր երեկվա կես ժամանոց ելույթի կեսը նվիրվեր այդ ջղաձգվողներին, կամ բացատրություններ տրվեր նրանց «գաղափարապես ջախջախվելու» մասին, ընդ որում՝  դա արվեց 30-ականների «Պրավդա» թերթի հռետորաբանությամբ: Կարծում եմ՝ դա որեւէ մեկին չտպավորեց, չհամոզեց, բավականին հանրապատրաստից ելույթ էր ու որեւէ լուրջ տպավորություն չթողեց»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը կատեգորիկ համաձայն չէ ՀԱԿ առաջնորդի դիտարկմանը, թե ԵՏՄ դեմ գնալը վտանգավոր է, Հայաստանում կլինի նույնը, ինչ Ուկրաինայում, ավելին՝ նման բաներ լսելով մենք ուղղակի գործ ունենք պարզ մանիպուլացիայի հետ, որն իրականությանը հետ կապ չունի: «Դա ուղղակի խայտառակություն է, եթե նույն տրամաբանությամբ շարժվեին, ուրեմն Լեւոն Տեր-Պետրոսյանը 1988-1991թթ, ելնելով իր պատկերացրած իրատեսությունից, պետք է մինչեւ Սովետական միության փլուզումը գոռար Լենին-Պարտիա-Գորբաչով: Այդ իրատեսությունը ինձ համար մերժելի է. դա ուղղակի նվաստացուցիչ է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, դա իրատեսություն չէ, այն է, ինչ Ձենով Օհանն էր քարոզում»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, որ վտանգավոր իլյուզիա է, երբ փորձում են հանրային գիտակցության մեջ ներդնել, թե Հայաստանը ԵՏՄ մտնելով նորմալ տնտեսություն, իրավական պետություն կկառուցի, դա բացառվում է, ինչպես բացառվում է խորհրդային արբանյակների մոտ խոսքի ազատության, մասնավոր սեփականության վրա հիմնված ազատ շուկայական հարաբերությունների մասին խոսելը:

Ավելին, փորձագետը շեշտեց, որ Պուտինն այսօր իրավական պետության մասին խոսացողներին գցում է բանտերը:

«Սա խաբեություն է, ի՞նչն է արժանապատիվ դրա, որ Հայաստանին թրաֆիքինգի են ենթարկո՞ւմ: Ինձ թվում է այստեղ ստոքհոլմյան սինդրոմի հետ գործ ունենք, երբ պատանդն սկսում է պատանդառուին համակրել»,-ասաց նա: