Նոյեմբերի 3-5-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի անդամ, Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Նրանք ստորագրել են ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար կողմերի միջեւ նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման եւ արդարադատության ոլորտի բարեփոխումներ:
Ստորագրվել է նաեւ «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված արդյունավետ բարեփոխումներին, ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային եւ տեխնիկական աջակցության գործիքներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է «բաց երկնքի» քաղաքականության մասին եւ պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ:
Հանդիպման ընթացքում նախարարը կարեւորել է ԵՄ-ի կողմից Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով նոյեմբերի 4-ին կայանալիք «ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության շրջանակները՝ մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը` կողմերը երկուստեք կարեւորել են նման ձեւաչափով քննարկումների եւ խորհրդակցությունների անցկացումը, համոզմունք հայտնելով, որ նման քննարկումները կնպաստեն կողմերի միջեւ հետագա համագործակցության ձեւաչափի ու շրջանակների հստակեցմանը:
Նոյեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի Ձեռնարկատիրության հարցերի գլխավոր տնօրինության տնօրեն Դանիել Կալեխա Կրեսպոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՀՔ գործընկեր երկրների համար հասանելի «COSME» ծրագրին Հայաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացման նկատմամբ հայկական կողմի հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է նորարարության ոլորտում բիզնես ինկուբատորների եւ կլաստերների զարգացման ԵՄ փորձի ուսումնասիրմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հնարավորություն` ԵՄ համապատասխան ոլորտի փորձագետների անհրաժեշտ փորձն ու տեղեկատվությունը Հայաստանի համապատասխան ոլորտի մասնագետներին փոխանցելու համար:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալԳարեգին Մելքոնյանը, ԵՄ-ում ՀՀ մշտական առաքելության ղեկավար, դեսպան ԹաթուլՄարգարյանը, ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:





























