Էներգետիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում հետեւում է էլեկտրահաղորդման ապօրինի գծերին: Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը: «Եթե դուք, ինչպես ասում եք, տվյալներ ունեք նման գծերի մասին, խնդրում եմ մեզ 1-2 հասցե տրամադրեք»,- կոչ է արել նա:
Ի պատասխան ՕԵԿ-ի խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը զայրացած հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու իր արժանապատվությունը: «Եթե Դուք կարծում եք, որ ես հենց հիմա կսկսեմ գործ տալ, ապա չարաչար սխալվում եք: Դա ձեր խնդիրն է: Իսկ քանի դեռ Դուք դա չեք լուծել, մենք բոլորս վճարում ենք չօգտագործած էլեկտրաէներգիայի համար: Դուք մեր գրպանին եք խփում` իմ գրպանին»: Թե ինչ ընդհանուր բան կա գործ տալու եւ խախտման վերաբերյալ հաղորդման մեջ, Բիշարյանը չի բացատրել:





























