Հայաստանում 2013թ. եւ 2014-ի ինն ամիսներին ՀՀ ՔՕ 132 հոդվածի (թրաֆիքինգ) հատկանիշներով հարուցվել է 18 քրեական գործ, բացահայտվել է ընդհանուր առմամբ 22 հանցագործություն: Այս մասին նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ասաց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Ըստ նրա՝ վերոնշյալ քրեական գործերից 10-ը վերաբերել են կազմակերպված հանցախմբի կատարած հանցագործություններին: «Հարուցված 18 քրեական գործերից 9-ը վերաբերել են չափահաս կանանց շահագործմանը, 3-ը՝ անչափահաս աղջիկներին մարմնավաճառության դրդելուն: Հարուցված քրեական գործերից  4-ը վերաբերել են  Հայաստանում չափահասի եւ անչափահասի շահագործմանը՝ մուրացկանության դրդելու միջոցով:  1 դեպք վերաբերել է Ռուսաստանում աշխատանքային թրաֆիքինգին, եւս մեկ դեպք էլ՝ մարդու մարմնի օրգանների կամ հյուսվածքների շահագործմանը», - նշել է Տիգրան Պետրոսյանը: Նա նաեւ հավելել է, որ հիմնականում նկատվում է թրաֆիքինգի «ավանդական» տեսակների կրճատում: