Նոյեմբերի 6-ին Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Վու Հույ Հոանգն ընդունեց Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդգծելով երկու երկրների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործընկերային հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը՝ կողմերն շեշտեցին տնտեսական կապերի խորացման եւ ամրապնդման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, տնտեսության ավանդական ճյուղերը, ինչպես նաեւ քննարկեց ներդրումային հնարավորություններն ու ներդրողների համար ստեղծված պայմանները: Դեսպանը Հույ Հոանգին փոխանցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Կողմերը քննարկեցին տնտեսական ոլորտում համագործակցության օրակարգում առկա հարցերը՝ համագործակցությունը երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ, գործարար խորհրդի ստեղծումն ու երկու երկրների գործարարների մասնակցությամբ համաժողովի անցկացումը: Համագործակցության խթանման համար զրուցակիցներն ընդգծեցին միջկառավարական հանձնաժողովի եւ իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:
Հույ Հոանգն իր հերթին հայտնեց վիետնամական կողմի պատրաստակամությունը` քայլեր ձեռնարկելու երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ներդրումների խթանման, գործարար կապերի հաստատման ուղղությամբ՝ նշելով, որ վիետնամական սպառողներին քաջածանոթ են հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակներ: Գործարար կապերի խթանման նպատակով նախարարն առաջարկեց իրականացնել վիետնամցի գործարարների այց Հայաստան:
Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել քննարկված հարցերի շուտափույթ եւ արդյունավետ իրականացման հարցում:




























