2015թ.-ի բյուջեի նախագիծը ձախողված է: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

ՕԵԿ-ական պատգամավորը համոզված է, որ բյուջեի այս նախագիծը կրկնում է նախորդը, որեւէ փոփոխություն նախագծում չկա:

«Երբ որ Ազգային ժողովում քննարկվում էր բյուջեի նախագիծը, ես տեսա մի բան` բյուջեում նույն վերարտադրությունն է, ինչ-որ անցած տարի էր: Ոչ մի սոցիալական հարց չի լուծում այս բյուջեն: Ոչինչ չլուծող բյուջե է: Կառաջարկեմ նույնիսկ, որ եթե այդ գումարները նախատեսված են աշխատատեղերի պահպանման եւ աշխատավարձերի համար, թող մի քանի նախարարություն փակվի եւ այդ գումարներն ուղղվեն հենց սոցիալական խնդիրները լուծելուն»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ ընդդիմությունը համոզված է, որ բյուջեի այս նախագիծը իրատեսական չէ, մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչների կանխատեսումներն իրականություն չեն դառնալու: