ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ նոյեմբերի 8-ին, պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների:
ՀՀ պաշտպանության նախարության վարչական համալիրում կայացած հանդպմանը ներկա էին նաեւ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի եւ մարզական ասպարեզի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով վստահաբար արձանագրեց, որ 2014-ը Զինված ուժերի համար եղել է ոչ միայն մարտական պատրաստության եւ սահմանների պաշտպանության գործում, այլեւ միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում փայլուն հաղթանակների տարի:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանն իր խոսքում հպարտությամբ փաստեց, որ տարբեր սպորտաձեւեր ներկայացնող հայ մարզիկ-զինծառայողներն այսօր լուրջ հաջողություններ են արձանագրում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում: Պաշտպանության նախարության հավաքական թիմերի փայլուն հաջողությունների վկայությունն էլ միայն այս տարի նրանց կողմից նվաճված 55 ոսկե, 26 արծաթե եւ 17 բրոնզե մեդալներն են: Ավելին` 3 մարզիկ զինծառայողների շնորհվել են միջազգային սպորտի վարպետի, երկուսին էլ` միջազգային գրոսմայստերի կոչումներ:
Ողջույնի եւ երախտիքի խոսքերով հանդես եկան նաեւ Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ու պարտադիր ժամկետային զինծառայող, ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի առաջնության չեմպիոն Կարապետ Չանլյանը:
Հայրենիքի մարզական պատիվը միջազգային մրցահարթակներւմ բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ եւ արժեքավոր նվերներ հանձնեց ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի եւ Սեուլում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց պաշտպանության նախարարի ամփոփիչ ելույթով: Կարեւորելով սպորտի եւ ֆիզիկական պատրաստության դերը զինված ուժերում եւ զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարզիկ զինծառայողներին մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Սեյրան Օհանյանը հույս հայտնեց նաեւ, որ արձանագրված հաջողություններն ու խրախուսումները պարտավորեցնող կլինեն եւ 2015թ. ընթացքում հայկական դրոշը կշարունակի ծածանվել միջազգային մրցաշարերում:




























