Մեծ Բրիտանիայում աղքատության մեջ ապրող երեխաների թիվը 25.6% է, եւ այս ցուցանիշը շարունակում է աճել: Այս մասին գրում է MK-London-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը:

Մանկական աղքատության աճը պայմանավորված է սոցիալական ոլորտում ծախսերի կրճատման վերաբերյալ բրիտանական կառավարության որոշմամբ: Արդյունքում ավելացել է այն ընտանիքների թիվը, որոնք չեն կարողանում ապահովել իրենց ապրուստը:

KidsCompany բարեգործական կազմակերպությունը կարիքավոր ընտանիքներին հոգեբանական աջակցություն է տրամադրում, ինչպես նաեւ կրթական օգնություն, որը ծնողները չեն կարողանում ապահովել իրենց երեխաների համար: Ընկերության բարեգործական ակցիաների գծով տնօրեն Լոուրենս Գինեսը տեղեկացրել է, որ KidsCompany դիմողների թիվը 233%-ով ավելացել է, եւ երեխաներն առաջին հերթին սննդի կարիք ունեն:

Շատ երեխաներ մեծահասակների հետ հավասար փողոցում ուտելիքի համար գումար են վաստակում: Սակայն քաղցում են ոչ միայն գործազուրկ, այլեւ աշխատանք ունեցող ծնողների երեխաները:

Public Health England գործակալության տվյալները ցույց են տալիս, որ ավելի քան վեց միլիոն մարդ կյանքն աղքատության մեջ է անցկացնում: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ծախսերն աճում են, իսկ աշխատավարձերը՝ ոչ: