Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշմամբ, կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» ընկերության հայցն ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մերժվեց. ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ ամանորյա տոներին «Վեգա» խանութների ցանցը, գնումներ կատարելիս սպառողներին խոստանում էր մինչեւ 110 տոկոս զեղչ: Տնտեսվարողի կողմից անիրական եւ կեղծ զեղչ հայտարարելու համար Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում հաստատվել է որ «Վեգա» խանութների ցանցի կողմից դրսեւորվել է անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ նշանակվել է տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ:
Ընկերությունը դատական կարգով բողոքարկել է ՏՄՊՊՀ որոշումը: Դատական բոլոր երեք ատյաններում բողոքը մերժվել է: 7 միլիոն դրամ տուգանքը վճարվել է պետբյուջե:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ մինչ օրս իրենց Հանձնաժողովը դատական կարգով պարտված որեւէ գործ չունի. ՏՄՊՊՀ բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ:



























