Այսօր թուրքալեզու իսլամադավանների համախմբման գործընթաց է գնում եւ եթե նրանք մի օր վերելք ապրեն, մեծ վտանգ կներկայացնեն Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵՊՀ դասախոս, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
«Իսլամական ծայրահեղության ներկա զարգացումները, վտանգները Մերձավոր Արեւելքի եւ հարեւան երկրների քրիստոնյա ժողովուրդների համար. հասարակության գիտակցության մեջ այդ երեւույթի ըմբռնման էությունը» թեմայով ասուլիսի ժամանակ Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաեւ իրադարձությունների նման զարգացման:
Աստվածաբանը նկատել է, որ բազմաթիվ հետազոտողներ պնդում են, որ հայերի նկատմամբ ոտնձգությունները երբեք չեն եղել իսլամիստների կողմից, անգամ Քեսաբի դեմ հարձակումը կազմակերպված է եղել ոչ թե իսլամիստների, այլ Թուրքիայի կողմից, սակայն, ըստ նրա, դրանից վտանգը չի պակասում:
Նա կարծիք է հայտնել, որ ՌԴ իշխանությունները մտահոգություն ունեն, որ Ադրբեջանում եւս կարող են իշխանության գալ իսլամիստներ, ուստի ցանկանում են արագ կարգավորել ԼՂ հարցը ու Հարավային Կովկասում ճակատ կազմել ընդդեմ իսլամիստների կողմից հնարավոր ոտնձգությունների:




























