«Գազպրոմ»-ը  «Նավթագազ»-ին վճարել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար, հայտնում է  «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով «Նավթագազ»-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, հիշեցնում է  աղբյուրը, «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտնել էր, որ «Գազպրոմ»-ը նոյեմբերի 7-ին վճարել է գազի տարանցման համար: Ըստ նրա՝ վճարման գումարը որոշվել է ելնելով գազի գնից՝ պայմանագրին համապատասխան:

Ռուսաստանը եւ Ուկրաինան արբիտրաժային դատարանում վիճարկում են գազի սակագինը: Տարանցման դրույքաչափը կապված է գազի սակագնի հետ եւ ընդունելով գազի տարանցման որոշակի դրույքաչափ՝ կողմն ընդունում է գազի որոշակի սակագինը: Ըստ Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարարության՝ «Նավթագազ»-ը «Գազպրոմ»-ին սեպտեմբեր ամսվա համար բնական գազի տարանցման հաշիվ է ներկայացրել 64 մլն դոլարի չափով եւ 88  մլն դոլարի չափով՝ հոկտեմբերին: Սեպտեմբերի հաշիվը պետք է վճարվեր հոկտեմբերի 20-ին, հոկտեմբերինը՝ մինչեւ նոյեմբերի 20-ը: