«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 10-ին, վաղ առավոտյան 3-րդ հարկից ընկած եւ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արմեն Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էրեբունիի» վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
«Արմեն Կարապետյանն ունի կրծքավանդակի ծանր վնասվածք՝ թոքերի եւ սրտի սալջարդով, ողնաշարի վնասվածք, կոնքի կոտրվածք, զույգ ստորին վերջույթների կոտրվածքներ: Վիրահատել ենք որովայնը եւ ոտքերին գիպսային վիրակապ ենք դրել»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե ինչու է նման քայլի դիմել: «Նաիրի» ԲԿ-ի փոխտնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում նշել էր, որ Կարապետյանը բուժվում էր նյարդաբանական բաժանմունքում, իսկ այդ քայլին էլ դիմել էր կնոջ ներկայությամբ:





























