NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած քաղաքացիների մասին:

Մեր տեղեկություններով` զոհերից հինգը տղամարդ են, մյուս երկուսը` կին: Նրանցից 6-ի ինքնությունը հարազատներն արդեն ճանաչել են, իսկ 20-22 տարեկան երիտասարդ տղայի ինքնությունը դեռ չի պարզվել:

Մեզ հաջողվել է պարզել, որ զոհերի մեջ կա ծանրամարտիկ` Վանիկ Սարգսյան:

Նշենք, որ զոհերից մեկն էլ միկրոավտոբուսի վարորդն է` Ռազմիկ Մկրտչյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փրկարարները պատմեցին, որ մյուս երեք զոհերը հայտնաբերվել  են մեքենայից դուրս` կիսայրված վիճակում: Նրանց խոսքով` անհնար է եղել նույնիսկ զոհերի տարիքը հասկանալը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: