«Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը` բարկանալով լրատվամիջոցների երեկվա անդրադարձից որոշել է վճռական քայլերի դիմել. նա «պատերազմ է» հայտարարել «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանի եւ արվեստանոցի սաների դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական PR կենտրոնը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այսօր` նոյեմբերի 12-ին, առավոտյան ժամը 11.00-ին նա որոշել է արվեստանոցը մաքրել արվեստի «մնացորդներից» եւ դրա պաշտպաններից:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները կարելի է միայն ենթադրել, քանի որ Հրաչ Համբարձումյանը եւ կենտրոնի սաները չեն պատրաստվում հանձնվել: Վաղը նրանք հենց արվեստի կենտրոնի մոտ հանդես կգան հանուն արվեստանոցի պաշտպանության ակցիայով` արվեստանոցից դուրս հանելով Իգիթյանի կահույքագործական հաստոցները եւ այրելով իրենց ստեղծագործությունները: Հանուն արվեստի եւ արվեստանոցի ակցիային մասնակցելու են «Կերպարվեստ» ստորաբաժանման բոլոր սաները` ներկայիս եւ արդեն ավարտած: Ակցիայից հետո կենտրոնի սաները նախատեսում են այցելել Հենրիկ Իգիթյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու նրան:

«Այս ակցիայով Լեւոն Իգիթյանը փորձում է քանդել արվեստի դարբնոց հանդիսացող մեր արվեստանոցը, կոտրել մեր մեջքը: Մենք դա թույլ չենք տալու: Ժամանակն է արդեն, որ Իգիթյանի կենտրոնը ղեկավարի իրոք արժանավոր եւ արվեստի նվիրյալ մեկը», - նշում է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ երեկ Լեւոն Իգիթյանը առանց որեւէ հիմնավորման աշխատանքից հեռացրել է Հրաչ Համբարձումյանին, ով խոչընդոտ է հանդիսանում արվեստի կենտրոնը կահույքագործական արհեստանոցի վերածելու գործում: Նշենք նաեւ, որ Իգիթյանը գործում է առանց պատկան մարմինների թույլտվության եւ վերջերս կահույքագործական հաստոցներ է տեղադրել իր ենթակայության ներքո գործող արվեստի դպրոցի կերպարվեստի սրահում: Նման արարքի հետեւանքով առաջացել են լուրջ խոչընդոտներ արվեստանոցում դասերը շարունակելու համար»: