Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատասխանել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հարցմանը, որը վերաբերում է Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը Մոնթեի անունով անվանակոչելու նախաձեռնությանը:

Քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող պատասխանում նշված է.

«Մոնթե Մելքոնյանի մասին որեւէ բառ ավելացնել, ինչպես ինքը կա հայ ժողովրդի գիտակցության մեջ, կարիք չկա։ Մեր ազգային հերոսն է, մեր հպարտությունն է, մեր պարծանքն է, մեր հեռանկարն է` իր կերպարով։ Այսօր Մոնթե Մելքոնյանի անվամբ գործում է հանրակրթական դպրոց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Մաշտոցի 52  հասցեում` նախկին սփյուռքահայերի հյուրատան դիմաց, շատ գեղեցիկ հուշարձան է տեղադրված, խաչքար` Մոնթեի հիշատակին, վարչական շրջանի կողմից կա մշտական հոգածություն եւ խնամք։ «Հաղթանակ» զբոսայգում Մոնթեի կիսանդրին է դրված։

Ակնարկներս թող չթվա, որ այսքան արել ենք, հերիք է, ո´չ, անսպառ եւ միշտ հավիտենապես մեր հարգանքը պիտի մատուցենք Մոնթե Մելքոնյանի հանդեպ` երբեք չբավարարվելով, մեր հարգանքն ինչ-որ չափի մեջ դնելով, բայց ինչ վերաբերում է կոնկրետ փողոցին, կրկնում եմ.  ամենեւին քաղաքապետը եւ իր աշխատակազմի որեւէ անձ չունի մտադրություն, թե Մոնթեն արժանի չէ, ներողություն, որ բավարար է եղածը, ո՛չ այդպես չէ։ Մեր հակումները, մեր տրամադրվածությունը, մեր գնահատականը շատ ավելին են, շատ ու շատ…

Մոնթեն շատ ավելիին է արժանի, բայց կոնկրետ Ձեր հարցը՝ այդ փողոցի հետ կապված, երկու պարզաբանում, խնդրում եմ. ես թվարկեցի, որտեղ է խաչքարը, թվարկեցի  որտեղ է կիսանդրին, թվարկեցի դպրոց, որը մոտ 600-700 աշակերտ ունի, դա նշանակում է 600 ընտանիք բազմապատկի միջին վիճակագրական թիվը 4-ով, այդքան մարդ ամեն օր հաղորդակից են հոգեպես, մտքով, աչքով Մոնթեի կերպարին, ավելին, ինչու եմ աչքով ասում,  նաեւ որովհետեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ այդտեղ տեղադրվել է նաեւ շատ գեղեցիկ կիսանդրի։ «Հաղթանակի» զբոսայգի այցելողը մշտապես ակնբախ հանդիպում է Մոնթեին` խաչքարի մոտով անցնելով: Այսինքն՝ անվանակոչությունը նաեւ միտված է մեկ նպատակի` հասարակության շփումն այդ ամենին, հասարակության ընկալումն այդ ամենին: Այդ առումով, Իսակով-Լենինգրադյան փողոցի երկու հատվածները կառուցապատման ենթակա չեն, հասցե չեն ունենալու, մինչդեռ փողոցի անվանակոչությունը, անձնագրում այդ հասցեն նշելը մարդու հաղորդակցության խողովակ է այդ անունի, այդ կերպարի հետ։ Որտե՞ղ ես ապրում՝ այս ինչ փողոցում։

Դալմային հարող հատվածը չի կառուցապատվելու երբեք, սա համարվում է անտառային ֆոնդի հող, Իսակովի պողոտայի կամրջի եզրից մինչեւ Լենինգրադյան փողոցին հարող նորակառույց ուղետարը, չի կառուցապատվելու։ Անտառային ֆոնդի հող է,  մեկընդմիշտ հանձնված է այգեգործության համար, սա մեկ, այսինքն, այդտեղ հասցե չի լինելու։ Աջակողմյան հատվածը. բավականին հեռու ճանապարհից կա կառուցապատման գոտի, որն իր հասցեով կտեղավորվի Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Լենինգրադյան փողոցների տակ այնպես, ինչպես Լենինգրադյան փողոցի հատվածի կառուցապատված հատվածը կոտորակներով Լենինգրադյան է հասցեավորվում։ Այդ փողոցի վրա հասցեներ չեն լինելու, անձնագրով եւ անունով շփում, այդ մայրուղին դատարկ երկկողմանի չի հանգեցնելու Մոնթեի անունը հաղորդակից դարձնելու մարդկանց։

Երկրորդ հիմնավորումս. ճանապարհն ավարտված չէ։ Գլխավոր հատակագծով այդ ճանապարհն ունի շարունակություն, այն պետք է Իսակովի կամրջից ունենա շարունակություն Հրազդան կիրճ, վերականգնողական կենտրոնը որ կա, կիրճին  առափնյա հատվածում, Երեւանյան լճից վերեւ, դրան հարող հատվածով 100մ թռիչքով հատելու է Հրազդան կիրճը, անցնելու է դեպի Կոմիտասի անվան զբոսայգու ներքեւի հատված,  Կաշեգործների փողոցը հատելով՝ դուրս է գալիս Արշակունյաց փողոց՝ ձեւավորելու ստորգետնյա նոր հանգույց եւ անցում։ Այդ դեպքում նոր ավարտական կլինի ամբողջ մայրուղին, որը գլխավոր հատակագծով այդպես էլ անվանված է շրջանցող մայրուղի, որի մեկ հատվածի անունը մենք դրեցինք պայմանականորեն Իսակով-Լենինգրադյան, մինչդեռ դա Աշտարակի խճուղի դուրս բերող ճանապարհի տրամաբանության մեջ է,  շարունակություն կստանա, կստանա ավարտ։ Ահա մեր պատճառաբանությունը եւ հիմնավորումը, կրկնում ենք, բարոյական առումով որեւէ բան չունենալով  Մոնթե Մելքոնյան անվան հանդեպ, այսքանը»: