Մի շարք բնապահպանական կազմակերպություններ, նախաձեռնություններ եւ բնապահպաններ դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` առաջարկելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին: Դիմումում կոնկրետ առաջարկներ կան ուղղված նաեւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) եւ KfW Գերմանիայի զարգացման բանկի ղեկավարությանը։

Դիմումում մասնավորապես ասվում է.

«Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ/WWF) հայաստանյան գրասենյակի եւ մասնագիտական լսումների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ նախատեսվող հանքավայրը մասնակիորեն գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի դեռեւս չհաստատված, բայց նախատեսվող սահմաններում եւ դրա պահպանման (բուֆերային) գոտում: «Արեւիկ» ազգային պարկը, համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի  հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետի, դեռ 2010թ.-ին պետք է քարտեզագրվեր եւ բոլոր սահմանները վերջնական հստակեցվեին: Սակայն այն մինչ օրս ունի ընդամենը նախատեսվող սահմաններ (սահմանված ՀՀ կառավարության 2009 թվականի  հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման 3-րդ հավելվածով),իսկ պարկի վերջնական քարտեզագրում եւ գոտիավորում դեռեւս չի իրականացվել: Համաձայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման՝ «Արեւիկ» ազգային պարկի պահպանման (բուֆերային) գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։

Ազգային պարկի  ստեղծումը նպատակ ունի պահպանելու տարածքում գտնվող հազվագյուտ, էնդեմիկ եւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված տասնյակ բուսատեսակների ապրելավայրերնու կենդանատեսակների միգրացիոն ուղիները: Սյունիքի մարզի Տաշտուն եւ Լիճք գյուղերի հարակից տարածքները հանդիսանում են ապրելավայր ՀՀ Կարմիր գրքում գրանցված տասնյակ բուսատեսակների եւ կենդանատեսակների համար: Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման նախագծի բնապահպանական մասով ներկայացված կենսաբազմազանության հետազոտությունները թերի են եւ անբավարար եւ չեն նկարագրում եզակի ու խոցելի այդ կենսաբազմազանության վրա հանքարդյունաբերական այդ ծրագրի բացասական ազդեցությունը:

Հիշեցնում ենք, որ հանքավայրի շահագործումը հակասում եւ զգալիորեն նվազեցնում է նաեւ KfW Գերմանիայի զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հարակից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

Բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք լրջորեն հաշվի առնել վերոնշյալը, ինչպես նաեւ բնապահպանական հանրության կողմից մինչ այժմ հնչեցրած մտահոգություններն ու բացասական կարծիքները, եւ բացասական եզրակացություն տալ շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին:

ԴիմումենքնաեւԲՀՀհայաստանյանգրասենյակին` առաջարկովկազմակերպելտարածքիկենսաբազմազանությանանկախգիտականհետազոտություններեւներկայացնելարդյունքներըշահագրգիռհանրությանը:

KfW Գերմանիայի զարգացման բանկին խնդրում ենք ուսումնասիրել եւ կարծիք ներկայացնել այն մասին, թե որքանով են համատեղելի իրենց կողմից Հայաստանում ֆինանսավորվող կենսոլորոտային արգելոցի ստեղծմանն ուղղված ծրագրերն ու հանքարդյունաբերության նման  ծավալներով զարգացումը միեւնույն տարածաշրջանում՝ հաշվի առնելով UNESCO-ի կողմից կենսոլորտային արգելոցների համար գոյություն ունեցող պահանջներնու սահմանափակումները»:

Դիմումին միացել են՝

Արսեն Գասպարյան – կենսաբան, բնապահպան

Համահայկական բնապահպանական Ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ – Ինգա Զառաֆյան

Էկոլոգիական հասարակական դաշինք – համակարգող Սիլվա Ադամյան

Լյուբա Բալյան – էկոլոգ

Մարտիրոս Նալբանդյան - «Գլոբալ Էկո» ՀԿ-ի նախագահ, պահպանվող տարածքների փորձագետ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Անի Նավասարդյան – Խազեր երգչախմբի խմբավար