ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի եւ պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սեւանա լիճ գեղարքունի եւ ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
Սեւանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի եւ 200.000 ամառային իշխան: Մանրաձուկն ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին,«Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ «Արեւաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով: Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետեւել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ ՀՀ գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Սեւանա լճի էկոհամակարգը պահպանելու տեսանկյունից կարեւորելով իրականացվող միջոցառումը՝ բնապահպանության նախարարը հայտնել է. «Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ եւ գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ»: Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է նաեւ ձկնագողության խնդիրն եւ շեշտել, որ այն միայն պատասխանատու գերատեսչության պարտավորությունը չէ, այն պետք է լուծվի տարածաշրջանի բնակչության հետ համատեղ եւ խնդրանքով դիմել է վերջիններիս, որպեսզի ձկների ձվադրման այս ժամանակահատվածում զերծ մնան անօրինական որսից եւ միահամուռ ուժերով լուծեն խնդիրը: Այս ժամանակահատվածում համատեղ միջոցառումներ են իրականացվելու նաեւ ՀՀ ոստիկանության հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սեւան» ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:





























