Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ հանդես են եկել ուղերձով, որտեղ կոչ են անում բոլորին ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման օրը ցույցի դուրս գալ Ազգային ժողովի մոտ եւ թույլ չտալ նման որոշման կայացումը:

Ուղերձում ասվում է.

«Հայրենակիցներ,

Հայ ժողովուրդ,

Հայաստանցիներ,

Հայաստանի 23-ամյա անկախության գլխին մահացու վտանգ է կախված. Հայաստանի ղեկավարումը վերցրած իշխանությունը եւ կուսակցությունները երկիրը տանում են Եվրասիական տնտեսական միություն, ուր Հայաստանը կցորդի կարգավիճակում է:

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին եւ Սահմանադրությանը եւ նշանակում է ենթակայություն Ռուսաստանին.

- քաղաքական ասպարեզում. Հայաստանը կորցնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը,

- Ղարաբաղը Հայաստանից անջատվելու է օտար մաքսակետով. ԵՏՄ անդամ երկրները զինում են Ադրբեջանին,

- կրթության ոլորտում. վերականգնվելու են ռուսական դպրոցները, եւ ռուսաց լեզուն վերագտնելու է իր երբեմնի գերիշխանությունը,

- օրենսդիր ասպարեզում. ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ռուսականին,

- տնտեսական ոլորտում. ՀՀ տնտեսության  հնարավորությունները սահմանափակվում են հետադեմ տնտեսական գործընկերներով՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս: Հայաստանի գործարար կապերն անցնելու են մոսկովյան հաստատությունների միջանցքներով.  Հայաստանը կարող է հրաժարվել սեփական արժույթից,

- լրատվական ոլորտում. ոտնահարվելու է խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատությունը. հայաստանյան տեղեկատավական միջոցները  գործելու են  Մոսկվայի թելադրանքով:

Հայրենակիցներ,

Հայաստան ամրոցի դարպասների բանալիները դավաճանաբար հանձնվել են միլիտարիստական Ռուսաստանի իշխանություններին: Ամրոցի վերջնական գրավվմանը մնացել է մեկ քայլ. ՀՀ Ազգային ժողովի նիստում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին պայմանագրի վավերացումը:

Կասեցնենք այդ պատմական խայտառակ գործընթացը՝ սերունդներին թողնելով ոչ թե ընկճված, հպատակեցված երկիր, այլ հպարտ, արժանապատիվ, արդար, ազատ եւ անկախ Հայրենիք:

Սա մեր պարտքն է մեր հայրենիքի, նրա ներկա եւ ապագա սերունդների առջեւ:

Հայ ժողովուրդ,

մենք ցույց ենք տվել, որ ճակատագրական պահին կարող ենք համախմբվել եւ ետ մղել մեր ազատության սպառնալիքները եւ դրանք կրող ուժերին:

Ժամանակն է ցույց տալու, որ մենք հպարտ, ազատատենչ եւ ըմբոստ ժողովուրդ ենք:

Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման օրը բոլորս դեպի Ազգային ժողով՝ կանխելու պետական  խայտառակությունը:

 Զինվորական, ուսուցիչ, բանվոր, բժիշկ, գյուղացի, գիտնական, արվեստագետ, մտավորական, լրագրող.  մի պահ թողնենք առտնին հոգսերը եւ միավորվենք հանուն ազատության: Մենք այդպես հաղթեցինք Սարդարապատում եւ ղարաբաղյան պատերազմում:

Բոլորս դեպի ազատություն: 

Նախաձեռնող խումբ

Դանիել Իոննիսյան

Ֆելիքս Հայրապետյան

Զարուհի Հովհաննիսյան

Նարինե Մկրտչյան

Ստյոպա Սաֆարյան

Նարեկ Սամսոնյան

Ուղերձը բաց է միանալու համար: