Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, այժմ ԳԱԱ-ում ավագ գիտաշխատող Արա Ավետիսյանը հետեւում է նախկինում աշխատավայրում սկսած խմորումներին, սակայն չի ցանկանում կարծիք հայտնել:

«Ռուսն ասում է՝ օтсюда мораль, ուրեմն՝  Ավետիսյանի ֆակտորը չէր, խնդիրը Ավետիսյանի մեջ չէր»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Ավետիսյանը:

Նա նշեց, որ իր լռությունը մի քիչ ավելի թանկ է, պարզապես ափսոսում է, որ այդտեղ տեղի ունեցողը վնասում է բուհին: Հարցին, թե խնդիրը ռեկտորի, թե կոլեկտիվի մեջ է, նա նշեց, որ ռեկտորն էլ կոլեկտիվի մի մասն է: Արա Ավետիսյանը առաջարկում է ուսումնասիրել, թե ինչու է մի բուհում ստացվում աշխատելը, մյուսում՝ ոչ, ինչպիսին էր արդյունավետությունը այժմ եւ նախկինում: Արա Ավետիսյանն ասաց, որ համենայնդեպս իր օրոք նման բնույթի սկանդալներ չկային:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ սեքս սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո բուհում սկանդալները չեն ավարտվում: Դրան հետեւել է Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի պաշտոնանկությունը, ով բաց նամակով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Պոլիտեխնիկում տիրող իրավիճակին: