Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է Կարմիր խաչի գրասենյակին, որպեսզի միջնորդ հանդիսանա եւ ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին հանձնեն Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ քանի որ ուղղաթիռը ընկած է ադրբեջանցիների դիրքի մոտ, մերոնք չեն կարողացել մոտենալ մեր անձնակազմին, բայց արդեն դիմել են Կարմիր խաչին՝ որպեսզի միջնորդ հանդես գա: Երեկվա դեպքի առթիվ քննություն է ընթանում:
Իսկ թե ինչպես է անցել գիշերը սահմանին, կրակահերթ բացել են, թե ոչ. նախարարն ասաց, որ «ամեն օր էլ կրակահերթ է լինում, նման մանրուքներին մենք ուշադրություն չեն դարձնում»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:





























