Գազասպառող բաժանորդների ներտնային տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության  նախաձեռնությամբ` ի դեմս Գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանի, Տավուշի մարզի Չինարի գյուղի 10 կարիքավոր ընտանիքներին ձմռան նախաշեմին նվիրաբերվել են գազի վառարաններ եւ գազօջախներ:

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել սահմանամերձ գյուղերի ազգաբնակչությանը` հատկապես անապահով գազասպառող բաժանորդների սոցիալական վիճակը բարելավելու համար:

Բարեգործական ակցիային միացավ եւ իր աջակցությունը ցուցաբերեց նաեւ  «Հասարակական պաշտպանների միություն» իրավաբանական անձերի միություն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը:

Ընկերության աշխատակիցները գյուղի բնակիչներին հանձնեցին  գազօջախներ եւ գազի վառարաններ: Բնակիչները շնորհակալությամբ ընդունեցին ու իրենց գոհունակությունը հայտնեցին «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության տնօրինությանը` այսպիսի բարեգործական ծրագիր իրականացնելու համար:

«Բարեգործությունը պետք է գնահատվի եւ շնորհակալությամբ ընդունվի: Ամանորի տոներին ընդառաջ գազի վառարան ստանալը սոցիալապես անապահով ընտանքի համար շատ կարեւոր նվեր է», – ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: 

 «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանի խոսքով`  Ընկերությունը կարեւորում է կարիքավոր ընտանքիների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով հնարավորություն է ստեղծվում ինչ- որ չափով թեթեւացնել նրանց առօրյա հոգսերը: