Երեւանի քաղաքապետարանի սոցիալական վարչությունը անհիմն է որակել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երեւանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ հայտարարությունը:
Վարչության ներկայացրած պարզաբանման մեջ ասվում է.
«Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տանը բնակվող ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքը մշտապես եղել եւ մնում է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ուշադրության եւ հոգածության ներքո:
Ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում՝ 8 անձով եւ, որպես բազմազավակ ընտանիք, ընդգրկված է պետական աջակցության ծրագրերում:
Մասնավորապես. 20.05.2013թ. ծնված երեխայի՝ Անահիտ Հովհաննիսյանի ծննդյան կապակցությամբ ստացել է 430000 դրամ միանվագ ծննդյան նպաստ, 50.000 դր. միանվագ օգնություն, մյուս երեխայի առաջին դասարան հաճախելու կապակցությամբ 25.000 դր.՝ հագուստի եւ այլ պարագաների գնման նպատակով: Բացի այդ, ամսական 68500 դրամի չափով ընտանեկան նպաստ է ստանում: Արմենուհի Մանուկյանի տղան՝ Ջիվան Հովհաննիսյանը ծառայում է բանակում, դուստրը եւ 2 ավագ որդիները ամուսնացած են: Վերջինները բնակվում են 2011 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից ընտանիքին նվիրաբերված Քանաքեռ 14 փողոցի 38 շենքի երկու բնակարաններից մեկում՝ հ. 39 երկսենյականոց բնակարանում:
Ինչ վերաբերում է ազատամարտիկի ընտանիքի նկատմամբ քաղաքային իշխանությունների վերաբերմունքին, ապա նշենք, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ նշված ընտանիքը մշտապես եղել է քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եւ անձամբ վարչական շրջանի ղեկավարի հոգածության ներքո.
2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2014 թվականը վարչական շրջանի կողմից պարբերաբար ստացել է դրամական աջակցություններ՝ ընդհանուրը 200.000 դրամի չափով:
Այս տարվա սեպտեմբերի 8-ին Հովհաննիսյանների ընտանիքի դպրոցահասակ երեխաներին վարչական շրջանի աշխատակազմի կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ, հագուստ, կոշկեղեն, նաեւ միջնորդագիր է ուղարկվել թիվ 173 դպրոց՝ երեխաներին ուսումնական գրականությամբ անվճար աջակցելու համար:
Սեպտեմբերի 23-ին ազատամարտիկի երեխաներին օժանդակելու խնդիրը սոցիալական ապահովության վարչության կողմից քննարկվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի հետ եւ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ առաջարկվել է օժանդակել ընտանիքին: Այնուհետեւ կատարվել է տնային այցելություն, երեխաների դպրոցական կարիքները հոգալու նպատակով տրամադրվել են ձմեռային կիսաճտքավոր կոշիկներ, գուլպաներ, տաբատներ, գրենական պիտույքներ, պայուսակներ` ըստ ընտանիքի ներկայացրած կարիքի, սակայն երեխաները դարձյալ կանոնավոր չեն հաճախել դպրոց, չնայած օգտվում են նաեւ դպրոց տանող անվճար ավտոբուսից:
28.10.2014-ին վարչական շրջանի ղեկավարի եւ երեխաների հոր՝ Գ.Հովհաննիսյանի հետ քննարկվել է ընտանիքին աջակցելու նպատակով Խարբերդ թաղամասում բանջարեղենի կրպակի տեղադրման հնարավորությունը, Գ. Հովհաննիսյանը առաջարկել է իրենց տրամադրել մեկ կով, որով կհոգան ընտանիքի որոշակի պարենային խնդիրները, որի հնարավորությունը նույնպես ներկայում քննարկվում է:
Չնայած ձեռնարկված միջոցներին, երեխաները կրկին բացակայել են դպրոցից՝ տարբեր պատճառաբանություններով: Ավելորդ չէ նաեւ նշել, որ հաճախակի բացակայությունների պատճառով ծնողները ամիսներ առաջ հրավիրվել են դպրոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվել են բազմակողմանի օգնություններ եւ ծնողները վստահեցրել են, որ երեխաները կհաճախեն դպրոց, ինչում, սակայն, հետեւողական չեն գտնվել:
Կանաց միամսյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, 03.04.2014թ. ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ազգային ժողովի փախխոսնակ Հ. Նաղդալյանը, Երեւան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը եւ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այցելել են քաղաքացու ընտանիք՝ շնորհավորելու բազմազավակ մայր Արմենուհի Մանուկյանին, եւ ընտանիքին տրամադրվել է դրամական օժանդակություն, հագուստ, նաեւ քաղաքապետի կողմից նվերներ նրանց նորածնին: Տեղեկատվությունը լուսաբանված է տարբեր լրատվամիջոցներով, նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։ Ի դեպ, այս տարի ընտանիքի մայրը ինքն է հրաժարվել երեխաներին ամառային ճամբար ուղարկելու քաղաքապետարանի կողմից արված առաջարկից:
Հարկ է նաեւ նշել, որ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակներում քաղաքապետի հանձնարարությամբ ընտանիքին նվիրաբերվել է կենցաղային տեխնիկա:
Ավելորդ չենք համարում նաեւ նշել, որ Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տունը, որտեղ ներկայում բնակվում է ընտանիքը, գնվել է 2007 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով ընտանիքին տրամադրված շուրջ 25.0 մլն դրամով:
Ներկայացվածը թերեւս բավարար է փաստելու, որ Հովհաննիսյանների ընտանիքը մշտապես օգտվել եւ օգտվում է ինչպես պետության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից»:
Մնում է միայն հավելել, որ ընտանիքը եղել եւ շարունակելու է մնալ քաղաքապետարանի հոգածության ներքո՝ այսուհետ եւս ընդգրկվելով սոցիալական ծրագրերում:
Ավելորդ չի լինի նշել, որ ցանկության դեպքում այս ամենին կարող էր տեղեկանալ նաեւ Երեւանի ավագանու հարգարժան անդամ Անահիտ Բախշյանը, ինչը, սակայն չի արել՝ գերադասելով հիմնազուրկ ապատեղեկատվության տարածումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտ Բախշյանը բաց նամակ էր գրել Երեւանի քաղաքապետին, որտեղ նշել էր, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի բնակիչ ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 12 երեխաներից 6-ը դպրոցահասակ են և դպրոց չեն հաճախում:
«Ընտանիքի հոր համարն է 077090860: Պարզվում է ընտանիքը պարբերաբար դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին ԱԺ փոխխոսնակին, սակայն՝ ապարդյուն: Շենգավիթ վարչական շրջանի ողջ անձնակազմն ու Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու կրթությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի համար, իսկ այս դեպքում նրանք նույն ընտանիքից 6-ն են: Ինչպե՞ս կբացատրեք նման բացթողումը, ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար»,-նշել էր Բախշյանը:




























