Երեւանի քաղաքապետարանի yerevan.am կայքում արդեն դրված են իր ենթակայության դպրոցների նախահաշիվներն ու հաստիքացուցակները: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ իր գոհունակությունը հայտնել այդ կապակցությամբ:
«Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովման Երեւանի քաղաքապետարանի փորձը օրինակելի է: 2014 թվականի Երեւանի զարգացման ծրագրում նախատեսված «Դպրոցնեերի գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովում» կետն արդեն իրականացվել է:
Երեւանի քաղաքապետարանի yerevan.am կայքում արդեն դրված են իր ենթակայության դպրոցների նախահաշիվներն ու հաստիքացուցակները: Շուտով կտեղադրվեն նաեւ դպրոցների տարիֆիկացիաներում առկա բոլոր թվային տեղեկությունները:
Մեկ այլ լավ տեղեկություն. սույն թվականի սեպտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետին առաջարկ էինք ներկայացրել Երեւանի ավագանու 3 խմբակցություններից մեկական անդամի ընդգրկել մանկապարտեզների սննդի գնման նոր պայմանագրերի կնքման հանձնաժողովում ու անհավանական ցածր գին առաջարկող մատակարարների մոտ սննդի անվտանգության տեսչության կողմից իրականացնել ստուգումներ:
Տեղեկացնեմ հասարակությանը, որ արդեն ստացել ենք հանձնաժողովում մասնակցելու առաջարկն ու մասնակցելու ենք, նամանավանդ որ նախատեսված սննդամթերքի առաջարկված ցանկի եւ տեխնիկական բնութագրի վերաբերյալ տվել ենք դրական կարծիք ու ընդամենը երկու առաջարկ:
Համագործակցությունը տալիս է իր պտուղները»,-նշել է Բախշյանը:




























