Փորձագետները ՈԱԱԿ են ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի (բարելավման պլան) վերաբերյալ կարծիքները եւ գնահատականները:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերը գնահատվել են ըստ իրատեսական ու սահմանված ժամկետներում իրագործելի լինելու հանգամանքի:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Պետական կառավարման ակադեմիան, Երեւանի «Հայբուսակ» համալսարանը, Երեւանի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանը եւ Երեւանի գյուղատնտեսական համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:
Հավատարմագրման դիմած բուհերը գործընթացի առաջին փուլում ինքնավերլուծություն էին ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»: Զեկույցն ուսումնասիրելուց հետո կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ, որից հետո բուհերին ուղարկվեցին փորձագետների զեկույցները: Հաշվի առնելով փորձագետների մատնանշած խնդիրները եւ բարելավման ուղղությամբ խորհուրդները`բուհերից յուրաքանչյուրը կազմել է բարելավման պլան հստակ ժամանակացույցով:
Փորձագետները ծանոթացել են բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերին ու գնահատել` հաշվի առնելով, թե որքանով են դրանք փոխկապակցված գործունեության ոլորտների համար ընտրված ռազմավարությունների եւ նպատակների հետ, որքանով է ապահովվում քայլերի տրամաբանական հաջորդականությունը, որքանով են տրամադրված ռեսուրսները բավարար խնդիրների լուծման համար, սահմանված են արդյոք պատասխանատուներ ամեն քայլի համար, արդյոք ծրագրերի իրագործման համար սահմանված ժամանակահատվածը իրատեսական է եւ այլն:
Ըստ հավատարմագրման կարգի` հաջորդ քայլը կլինի հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը` հիմնված փորձագետների զեկույցների եւ բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի վրա:




























