«Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռքերի եւ ոտնաթաթի ծնված բալիկը եռօրյա ժամկետում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից կտեղափոխվի մանկատուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարությունում օրերս ստացել են նրա վերաբերյալ փաստաթղթերը, այժմ համապատասխան գրություններ են պատրաստվում, ու եթե փաստաթղթերը ամբողջական լինեն, մանկատնում էլ կարանտին չլինի, ապա եռօրյա ժամկետում նրան կտեղափոխեն այնտեղ:

Բալիկին տեղափոխելու են Գյումրիի երեխաների տուն, ինչը, նախարարության փոխանցմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ նորածինը խորը ֆիզիկական արատներ ունի եւ անհրաժեշտ է շատ խիստ մասնագիտական մոտեցում ցուցաբերել:

Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի եւ մեկ ոտքի թաթի: Այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտարձայնային հետազոտության է ենթարկվել: Ասում են՝ «ԷԽՕ»-ի բժիշկն ազատվել է աշխատանքից եւ ընդհատակ անցել: