Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ, նոյեմբերի 15-ին, Երեւանի կենդանաբանական այգում կանցկացվի ամենամյա «Դդմի օր» մրցույթը: Միջոցառմանն աջակցում է հիմնադրամի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Աշնանային տոն-մրցույթին, թիմեր կազմելով, կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաները: Պատանի խոհարարներին հնարավորություն կտրվի դդմի, այլ մրգերի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ ախորժելի ուտեստներ պատրաստել եւ հյուրասիրել իրենց սիրելի կենդանիներին՝ միաժամանակ համալրելով նրանց սննդակարգի, վարքի եւ կենսակերպի վերաբերյալ իրենց գիտելիքները:

Մրցույթի հաղթողները կորոշվեն երեք անվանակարգում. «Ամենանորարար ձեւավորում», «Lավագույն գաղափար» եւ «Ամենահամեղ ուտեստ»: Մրցույթին մասնակցությունը ենթադրում է նաեւ մի քանի պարտադիր կանոնների պահպանում: Այսպես՝ կենդանիների անվտանգությունն ապահովելու համար չի թույլատրվում փաթեթավորված սնունդ բերել այգի, արգելվում է ատամնաչոփերի, այլ սուր եւ ծակող պարագաների, թղթի, պլաստիկ նյութերի օգտագործումը:

Թեեւ մրցույթին կարող են մասնակցել միայն նախապես հայտ ներկայացրած խմբերը, կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի մինչեւ 16 տարեկան երեխաների եւ 70-ն անց թոշակառուների համար: Երեխաները կարող են շփվել կենդանիների հետ, մասնակցել խաղերի, հեծանիվի խաղարկության եւ պարզապես վայելել ջերմ ու հաճելի մթնոլորտը:

«Դդմի օրը» Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական կրթության նախագծի մի մասն է, որի նպատակն է երեխաների մեջ պատասխանատու վերաբերմունք ձեւավորել կենդանիների, շրջակա միջավայրի հանդեպ:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության եւ համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարեւորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության եւ դրա հետեւանքների նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման: