Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանն իր ագրեսիվ վարքով ամբողջ աշխարհին ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ մարտնչելու բոլոր նրանց դեմ, ովքեր կհավակնեն իր ազդեցության ոլորտին: Այս մասին նա հայտարարել է «ԳՈՐԴՈՆ» հրատարակչությանը տված մեկնաբանությունում, փոխանցում է «Գռուզիա On-line»-ը:

«Ռուսաստանն ազդանշան է ուղարկում: Մի կողմից Պուտինը գազային համաձայնագիր է կնքում՝ ասելով, որ եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, Եվրոպան չպետք է վախենա: Մյուս կողմից, Ռուսաստանը սիրում է ասել, որ եթե խցկվեք մեր  ազդեցության ոլորտ, կտրորեմ ձեզ», – հայտարարել է Սահակաշվիլին:

«Այսօր Պուտինն ավելի վտանգավոր է, քան Հյուսիսային Կորեան, քանի որ նա իսկապես կարող է միջուկային մարտագլխիկներ օգտագործել: Եվ Արեւմուտքում գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դա հասկանում: Այդ մարդն արգելակներ չունի», – կարծում է Վրաստանի նախկին նախագահը:

Ըստ Սահակաշվիլիի՝ ռուսական բանակի ռազմական մանեւրները նման են 2008 թ. Վրաստան ներխուժելուց առաջ Ռուսաստանի գործողություններին: «Այս բոլոր սուզանավերը եւ օդանավերը նման են ինչ որ մանեւրի՝ ռազմական գործողությունների նոր փուլից առաջ: Համենայն դեպս, նա նման բան էր անում 2008 թ.՝ Վրաստան ներխուժելուց առաջ: Նա իսկապես ազդանշաններ է ուղարկում եւ  հետեւում Արեւմուտքի արձագանքին:  Նա անընդհատ փորձում է Արեւմուտքին, որի արձագանքի բացակայությունը ոգեւորում է  հետագա գործողությունների համար: Կկիրառի՞ արդյոք միջուկային զենք, թե՞ ոչ: Արդեն հայտնվել են արեւմտյան առաջին մեկնաբանությունները, որ այդ հնարավորությունը չեն բացառում»: