ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ այսօր՝ նոյեմբերի 14-ին, հանդիպում է ունեցել ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: ԿԳՆ-ից NEWS.am-ը տեղեկացավ, որ նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ ներկայումս Ազգային Ժողովում քննարկվում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` մայիսի 16-ը` Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրը, որպես Ուսանողության տոն ամրագրելու վերաբերյալ: «Չկա լավ եւ վատ սերունդ. գոյություն ունեն տարբեր սերունդներ, եւ դա չի նշանակում, որ նրանք նախորդ սերնդից ավելի լավն են կամ վատը: Հայ երիտասարդների մեծամասնությունն իրավամբ հայրենասեր, գիտակից հայ մարդիկ են, իհարկե կան նաեւ բացառություններ»,-նշել է նախարարը` ուսանողներին կոչ անելով ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ կրթական գործընթացներին: «Մեր բուհական համակարգը պետք է դառնա ուսանողակենտրոն: Պահանջում եմ լինել կրթական ոլորտի բարեփոխումների մեջ իրական շահառու, աջակցել կամ դեմ լինել: Եթե դուք մեզ օգնեք, ավելի արագ եւ լավ կլուծենք մեր հարցերը: Ես միշտ ողջունել եմ ուսանողական ակտիվությունը. եթե ուսանողը մի բանի կողմ է կամ դեմ, դա նշանակում է, որ նա մտահոգ է իր երկրի ապագայով, բայց հորդորում եմ` դա չանել կրթության հաշվին: Ուսանողի հիմնական առաքելությունը կրթությունն է: Այո, ուսանողությունը լրջագույն գործոն է բոլոր հասարակություններում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ուսանողությանը շատ հաճախ օգտագործում են եւ մոռանում: Ուսանողությունը զանգված չէ, այն անհատների սոցիալական խումբ: Չդառնաք զանգված, եղեք վառ անհատականությունների խումբ»,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում ուսխորհուրդների ներկայացուցիչները հարցեր են ուղղել Արմեն Աշոտյանին, որոնք հիմնականում վերաբերել են դիմորդների թվի նվազմանը եւ կրթության որակին, 2015 թ. Հայաստանում անցկացվելիք Բոլոնիայի նախարարարական գագաթաժողովին ուսանողների ներգրավվածությանը, արտերկրում հայկական բուհերի մասնաճյուղերի բացման հնարավորությանը, մարզաբնակ ուսանողների սոցիալական խնդիրներին եւ բուհերի ապակենտրոնացմանը, ինչպես նաեւ կրթություն-աշխատուկա կապին: Վերջին հարցի վերաբերյալ նախարարը պարզաբանել է, որ ներկայումս աշխատաշուկայում հստակ տարբերակված չէ բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմներով աշխատանքի տեղավորման հնարավորությունը, ինչպես նաեւ գործատուն երիտասարդ մասնագետից պահանջում է աշխատանքային ստաժ, որի հնարավորությունը ուսանողը պարզապես չի ունեցել: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նախարարությունը ցանկանում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` բակալավրից բարձր կրթական աստիճաններում սովորելու տարիները որպես աշխատանքային ստաժ համարելու վերաբերյալ: Վերջինս առավել հստակ կդարձնի ինչպես աշխատաշուկայում մասնագիտական որակավորումների ընդգրկման հնարավորությունները, այնպես էլ կրթության բարձր աստիճանների ձեռքբերման մոտիվացիան:
Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի պետական համալսարանի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ուսանողական խորհուրդները պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով»:




























