Մոտ ժամանակներս կբացահայտվի, թե իշխանությունը որքանով է ազնիվ ընդդիմության հետ համագործակցելու իր հայտարարություններում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ դրա համար լակմուսի թուղթ կդառնա քառյակի 12 պահանջների 10-րդ կետը. խորհրդարանական ընտրությունների անցկացումը 100%-անոց համամասնական ընտրակարգով:
«Եթե իշխանությունները պատրաստ լինեն իսկական քաղաքական կամք դրսեւորել, հիանալի է: Սակայն դեռ թվում է, որ իշխանությունները փորձում են համագործակցության խաբկանք ստեղծել, ժամանակ ձգձգել: Իսկ շատ մտածել պետք չէ. կան կետեր, որոնք կարելի է արագ իրացնել բանակցությունների միջոցով, իսկ որոշները՝ նույնիսկ առանց դրանց», - նշեց Հակոբյանը:




























