Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի է ունեցել տնտեսագիտության թեկնածու, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ:
Գիրքը ներկայացրել է հեղինակ Սուրեն Վարդումյանը: Նա տեղեկացրել է, որ ձեռնարկի նպատակն է ուսանողների և ղեկավարների անհատական ու թիմային ունակությունների բացահայտումը, ինչպես նաև՝ կառավարման ոլորտում նրանց հմտությունների կատարելագործումը:
Գրքում առաջադրված են այլընտրանքային մեթոդներ և գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօժանդակեն յուրաքանչյուր շահագրգիռ ընթերցողի: Հեղինակ Սուրեն Վարդումյանը նաև ասել է, որ գիրքն առանձնանում է կառավարման ոլորտում, քանի որ այն իր 35 տարիների ուսումնասիրությունների և փորձի արդյունքն է: Այն օգտակար կլինի հատկապես ուսանողների համար, քանի որ հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ շատ քիչ է հայալեզու գրականությունը:




























