Այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով 1070 ուսանողի /բակալավրի կրթական ծրագիր՝ 1030 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 40 ուսանող/: Այս մասին ուսանողների միջազգային օրվան ընդառաջ հանդիպելով ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ՝ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա հայտնել է, որ պետությունը ստանձնել էր պարտավորություններ` որոշակի սոցիալական խմբերում ներգրավված ուսանողների կրթության մատչելիության ապահովման գործում:
Համաձայն ծրագրի` ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմել են 223.800.800 դրամ: Ա. Աշոտյանը ուսխորհրդի ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել իրենց բուհի սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ եւ աջակցել նախարարությանը` վերոնշյալ ուսանողների բացահայտման եւ պետության կողմից նպատակային աջակցությունը ճիշտ հասցեատերերին տրամադրելու գործում: Բացի այդ, նախարարը կոչ է արել ուսխորհրդին` օգնել եւ հորդորել նաեւ վերոնշյալ ուսանողներին` ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել:
Ի պատասխան մասնավոր բուհերի ուսանողների հարցադրման` նախարարը խոստացել է, որ հաջորդ տարի փորձ կարվի ստեղծել իրավական համապատախան հիմքեր` մասնավոր բուհերի ոսանողներին եւս ընդգրկելու պետության կողմից սոցիալական խմբերին հատկացվող աջակցության ծրագրերում:
Նշենք, որ ընդհանուր առմամբ` ցանկում ընդգրկված է 21 բուհ, մասնավորապես, վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ-232, ՀՊՄՀ-167, ՀՊՏՀ-90, ԵՊԲՀ-69 ուսանողի եւ այլն: Ցանկում ընդգրկված են նաեւ մարզային բուհեր, մասնավորապես, ծրագրից օգտվել են Գավառի պետական համալսարանի 58, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի` 29, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 82, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական ինստիտուտի 81, Գորիսի պետական համալսարանի 28 ուսանող:




























