Քարնեգիի հիմնադամի ավագ աշխատակից Թոմաս դե Վաալը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: NEWS.a-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է դը  Վաալի հոդվածը, որը հրապարակվել է  BBC-ի կայքում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը սահմանազատող  շփման գծում խփված հայկական ուղղաթիռը  ամենալուրջ միջադեպն է ավելի քան 20 տարվա ընթացքում, ինչ գործում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի պայմանագիրը:

Ուղղաթիռի կործանման հետեւանքով մահացել է հայ երեք զինծառայող: Ոււղաթիռին հարվածած ադրբեջանցի սպան մեդալ է ստացել:

Ամռանն այս ողբերգական միջադեպին նախորդել էր ղարաբաղյան հակամարտության տեղային նոր բռնկում, որի ընթացքում զոհվել էր շուրջ 20 մարդ՝ երկու կողմերից:

Բաքվում պնդում են, որ ուղղաթիռը խոցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը սահմանազատող շփման գծի անմիջական հարեւանությամբ, եւ այն թռչելիս է եղել Ադրբեջանի բանակի դիրքերի վրայով: Երեւանում հակադարձում են, որ հայկական մեքենաները ուսումնավարժական թռիչք են կատարել եւ ոչ մի վտանգ չեն ներկայացրել:

Ադրբեջանցի զինվորականները Facebook-ում երկու ուղղաթիռներից մեկի՝ ուրախ բացականչություններով ուղեկցվող ընկնելու  տեսագրություն են տեղադրել: 

Հարձակման մեջ ոչ մի ռազմական տրամաբանություն չկա: Զորահրամանատարը տեղում կարող է պատասխանատվություն կրել՝ հրաձգային զենք օգտագործելու համար, սակայն ավելի ծանր սպառազինություն օգտագործելու որոշումն ընդունում է քաղաքական ղեկավարը:

Նման հարձակումը կարելի է որպես ուժի ցուցադրում դիտարկել:

1991-94 թթ. Ղարաբաղի պատերազմում պարտված Ադրբեջանը մեծ հիմքեր ունի «անկայուն հրադադար» պահպանելու համար.  Բաքուն այդպես փորձում է աշխարհին հիշեցնել, որ միջազգայնորեն ճանաչված երկրի տարածքի մի մասը Հայաստանի վերահսկողության տակ է:

Այս մտահոգիչ միջադեպերը ցույց են տալիս ռազմական հզորության աճը Ղարաբաղի հակամարտության գոտում՝ վերջին 20 տարվա ընթացքում:  Այս գոտին արդեն դարձել է ամենառազմականացվածը Եվրոպայում: 

Երկնքում պտտվում են ուղղաթիռներ, հարվածային օդանավեր եւ անօդաչու թռչող սարքեր, նրանց  պահում է հրետանին, իսկ  խրամատներում, Առաջին համաշխարհային պատերազմի ոգով, սպասում է շուրջ 20 հազար զինվոր:

Բաքուն հարյուր միլիոնավոր նավթադոլարներ է ծախսում՝ նորագույն ծանր սպառազինություն գնելու համար:

Ընդ որում, հրադադարի գոտում միջազգային ներկայությունն այնպիսին է, ինչ եւ 1994 թ.՝ընդամենը ԵԱՀԿ վեց դիտորդ՝ հակամարտության 160 կմ գծին եւ երկու երկրների ճանաչված սահմանին, որտեղ նորից աճում է լարվածությունը: 

Երկու երկրների նախագահները՝ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը, վերսկսել են բանակցությունները եւ օգոստոսից արդեն երեք հանդիպում ունեցել: Վերջին գագաթաժողովը տեղի էր ունեցել Փարիզում՝ երկու շաբաթ առաջ:

Սա լավ նորություն է տեղում դոփող խաղաղ գործընթացի համար, սակայն բանակցող կողմերն ընդհանուր առմամբ հոռետեսական են տրամադրված առաջընթացի հնարավորության հարցում:  

Նրանց հույս չեն  ներշնչում նաեւ միջազգային երեք միջնորդների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի  միջեւ տարաձայնությունները՝ Ուկրաինայի խնդրի կապակցությամբ: 

Բռնության նոր բռնկումը այն բանի հիշեցումն է, որ կողմերը միշտ էլ պատերազմից մեկ քայլ են հեռու, եւ միայն սեփական գնահատականն է  դեռ հետ պահում մարտական գործողություններն սկսելուց:

Եվ ահա այժմ ծագել է հայկական կողմից հարվածի սպառնալիքը. Երեւանն արդեն սպառնացել է Ադրբեջանին «ցավագին հետեւանքներով»՝ խոցված ուղղաթիռի փոխարեն»,- նշվում է հոդվածում: