Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում սպառնալ ԼՂ բնակչությանը: Այս մասին նշված է «Հայաստանի եվրոպացի բարեկամների» տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռը խոցվեց, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներ: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ ուղղաթիռը խախտել էր Ադրբեջանի օդային սահմանը, ինչի պատճառով այն պայթեցրել են:

Ադրբեջանը պարգեւատրել է ուղղաթիռը կործանած զինծառայողին երրորդ աստիճանի «Զինվորական վաստակի համար» մեդալով:

«Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար: Այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները: Մենք կարծում էինք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն կորդեգրի առավել իրատեսական եւ կառուցողական վարքագիծ: Ընդամենը մի քանի օր հետո խախտելով Ֆրանսիային տված խոստումը, ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում»,- նշել է ֆրանսիացի ԵԽ պատգամավոր, ՀԵԲ (www.eufoa.am ) Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոնը:

«Միջազգային բոլոր կազմակերպություններին պարզ է, որ ադրբեջանական վարչակազմը ձեւավորել է տոտալիտար ռեժիմ՝ վախի, ստի եւ ճնշումների հիման վրա: Ուստի, այն նաեւ փորձում է չեզոքացնել տարածաշրջանում ազատության եւ օրենքի գերակայության ցանկացած քայլ: Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում սպառնալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաեւ ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների նրանց իրավունքին՝ խոցելով անզեն ուղղաթիռներ կամ սպանելով խաղաղ քաղաքացիներին, ինչպես պատահեց մի քանի շաբաթ առաջ: Հայտնում եմ իմ խորը ցավակցությունը ուղղաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին», – ավելացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի անդամները եւս հայտնել են իրենց մտահոգությունը:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ԼՂ հակամարտության երկու կողմերին հորդորել է զերծ մնալ հետագա գործողություններից: Նա ասել է. «Մտահոգված լինելով վերջին զեկույցներով Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական ուղղաթիռի խոցման մասին, կարծում եմ, որ անկախ միջադեպի հանգամանքներից, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն եւ շարունակեն խնդրի դիվանագիտական լուծման տարբերակների փնտրտուքը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է իրողությունը՝ նշելով, «այսօրվա միջադեպերը մեկ անգամ եւս հիշեցնում են, որ հարկավոր է կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը, ինչպես նաեւ նվազեցնել լարվածությունն ու հարգել հրադադարի պահանջը»:

 

Հոկտեմբերի 27-ին Փարիզի հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պարտավորվեցին «տեղում մեղմել լարվածությունը», սակայն Ադրբեջանը չպահեց այդ խոստումը:

Քանի որ լարվածությունը կրկին հասել է իր գագաթնակետին (այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ. ամռանը շփման գծում զոհերի քանակը հասել էր առավելագույնին հրադադար կնքելուց հետո), Եվրախորհրդարանի անդամները եւս հայտնել են իրենց մտահոգությունը:

«ԼՂ-ում զինվորական ուղղաթիռ խոցելը բավականին վտանգավոր եւ հակամարտության աննախադեպ թեժացում է տարածաշրջանում», – նշել է ԵԺԿ խմբի ԵԽ պատգամավոր, Եվրախորհրդարանի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի փոխնախագահ Ժարոմիր Ստետինան:

ԵԽ պատգամավոր, ԵԽ Լեռնային Ղարաբաղի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը հավելել է. «Նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի անզեն ուղղաթիռ խոցելը Ադրբեջանի կողմից 20 տարվա մեջ հրադադարի ամենադաժան խախտումն էր: Սա ոչ միայն Ադրբեջանի կողմից եզակի կոպիտ գործողություն է, այլեւ մեկ հանգամանք եւս, որը ցանկացած օբյեկտիվ դիտորդի պետք է հուշի, որ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության համատեքստում զենքի չկիրառման պարտավորությունները այլեւս կորցրել են իրենց արժեքը: Ուղղաթիռի վրա հարձակում իրականացրած զինծառայողին պարգեւատրելը «Զինվորական վաստակի համար» մեդալով հիշեցնում է հանցագործ եւ մարդասպան «հայրենադարձ» Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից հերոսացնելու եւ ազգային հերոսի մակարդակի բարձրացնելու մասին: Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի վարչակազմը կրկին խոստացավ զերծ մնալ բռնություններից եւ ուժի կիրառումից ԼՂ հակամարտության իրական կարգավորման գործընթացում: Երկու շաբաթ անց Ադրբեջանն ապացուցեց, թե ինչ արժեք ունեն նման խոստումները: Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից բռնության այս վերջին դրսեւորումը»: